Հայաստանը կողմ է Ղարաբաղի բանակցությունների գործընթացի շարունակմանը

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ հայկական կողմը կողմնակից է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակելուն։
«Մենք միանշանակորեն կողմ ենք Մադրիդյան փաստաթղթի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը շարունակելուն»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ երկուշաբթի Հայաստանի ԱԳ նոր նախարար նշանակված Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու պատրաստակամության վերաբերյալ արված հայտարարությունը։
Ընդ որում Բալայանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացնելու առաջարկ դեռևս չի արվել։
2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում քննարկման են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազային սկզբունքները։ Համանախագահները «մադրիդյան առաջարկությունը» արդարացի ու հավասարակշռված են համարում։
Ընդ որում հակամարտության կողմերին համառորեն առաջարկվել է բանակցությունների ներկա փուլն ավարտել՝ հավանություն տալով բազային սկզբունքներին և անհապաղ անցնել նոր փուլի՝ համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-