ՀՀ նախագահը բանակի բարձրագույն սպայակազմին ներկայացրել է պաշտպանության նոր նախարարին

15.04.2008, 12:24
ՀՀ նախագահը բանակի բարձրագույն սպայակազմին ներկայացրել է պաշտպանության նոր նախարարին
ՀՀ նախագահը բանակի բարձրագույն սպայակազմին ներկայացրել է պաշտպանության նոր նախարարին
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին, որը նշանակվել է այդ պաշտոնում նախօրեին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի և չի հիշում նրա կողմից որևէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նախագահը բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և այսօր զինված ուժերի առջև դրված են լուրջ խնդիրներ։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի  ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միքայել Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն բանակի զարգացմանը:

Սեյրան Օհանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գերագույն գլխավոր հրամանատարին` իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ նշելով, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ:

Նա նշել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը:-0-