ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեկ այլ հրամանագրով նախագահն ազատել է Սեյրան Օհանյանին ՀՀ պաշտպանության առաջին տեղակալի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններից։
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականին ԼՂՀ Շուշի քաղաքում: 1979 թ.-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև 1983թ.-ին՝ Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թ.-ին ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում:
1988 թ.-ի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։
1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ-ի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնում: 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1999 թ. օգոստոսի 2-ին ԼՂՀ Նախագահի Հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:
Սեյրան Օհանյանը պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով, այդ թվում նաև՝ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 1999 թ.-ի սեպտեմբերին նրան շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: 2000թ. մարտին Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2007 թ. մայիսին նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։-0-