Հայկական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի հանձնախմբի ժողովին

14.04.2008, 19:19
Հայկական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի հանձնախմբի ժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է ապրիլի 10-13-ը Պրահայում տեղի ունեցած Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի և հասարակություն» հանձնախմբի տարեկան հանդիպմանը։

«Հայ Առաքելական եկեղեցուց ժողովին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ և «Եկեղեցի և հասարակություն» հանձնախմբի անդամ Հովակիմ վարդապետ Մանուկյանը»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում քննվեցին և հաստատվեցին հանձնախմբի առաջիկա տարվա աշխատանքային ծրագրերը՝ եվրոպական ինտեգրման, տարածաշրջանային անվտանգության, կրոնի հասարակական դերակատարության, մարդու իրավունքների պաշտպանության, միջկրոնական երկխոսության, շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայի փոփոխության և բիոէթիկայի արդիական թեմաներով։

Անդրադարձ կատարվեց 2009 թվականի հուլիսին Լիոնում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13–րդ համագումարի աշխատանքներին և Եվրախորհրդարանի կողմից անցկացվող Միջմշակութային երկխոսության թեմաներին։  

Ժողովի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Չեխիայի Էկումենիկ խորհրդի և Չեխական եկեղեցիների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էր նաև Հունգարիայում, Չեխիայում և Սլովենիայում Հայոց հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։--0—