Հայաստանում բացվել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում միջմշակութային երկխոսության զարգացմանը նվիրված խորհրդաժողով
Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) երկուշաբթի բացվել է միջմշակութային երկխոսության զարգացմանը նվիրված խորհրդաժողով։
Երկօրյա խորհրդաժողովն անցկացվում է «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է 2008 թ.-ից՝ Եվրոպայի Խորհրդի և Եվրոհանձնաժողովի հետ համատեղ։ Ծրագրի իրականացման պատասխանատուն է ԵՊԼՀ-ն։ Ծրագրի նպատակն է կրթության համակարգի միջոցով Հարավային Կովկասի երկրների և Ուկրաինայի միջև միջմշակութային երկխոսության խորացումը։
«Սա Հայաստանում առաջին նման խորհրդաժողովը չէ, պարզապես այն ավելի նպատակաուղղված է և ունի ոչ թե պետական, այլ ազգամիջյան նշանակություն։ Միջմշակութային կրթությունը և նոր, և հին հասկացություն է։ Մեզ համար այն հին հասկացություն է, քանի որ Հայաստանը միշտ եղել է մշակույթների խաչմերուկում, և մենք հնարավորություն ունենք և ի վիճակի ենք գնահատել աշխարհն այլ մշակույթների տեսակետից», - խորհրդաժողովի բացման ժամանակ լրագրողներին ասաց ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը։
Նրա խոսքերով, հարևանների լեզուների և մշակույթների ուսումնասիրումը համերաշխության և խաղաղ համագոյության երաշխիքն է։
«Օտար լեզուների և մշակույթների իմացությունը չի տրվում ի ծնե և, բնականաբար, այն պետք է դրվի կրթության համակարգում։ Նման կրթություն պետք է տրվի դպրոցներում, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցիչներին, ինչը գործընթացը կդարձնի համակարգայնացված», - ասաց Զոլյանը։
Ռեկտորը նաև նշեց, որ մինչև 2008 թ.-ի սեպտեմբերը կանցկացվեն ևս երեք խորհրդաժողովներ՝ պատմության, մշակույթի, միջմշակութային երկխոսության կազմակերպման դասավանդման հարցերի ուղղությամբ, որից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև Մշակույթի նախարարությունը կներկայացնեն գործողությունների ծրագիր՝ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» ծրագրի շրջանակներում։
«Արդեն ընթանում են որոշ աշխատանքներ, Եվրոպայի Խորհրդին ներկայացվել է Կրթության և գիտության նախարարության զեկույցը։ Այժմ մենք դեռևս թարգմանում ենք Եվրոպայում ստեղծված փաստաթղթերը, որոնց հիման վրա կկազմենք նաև մերը։ Մեր մասնագետները, ԵԽ-ի փորձագետների հետ միասին, պետք է մշակեն համապատասխան նյութերը»,- ասաց Զոլյանը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասի երկրները և Ուկրաինան համատեղ են իրականացնելու ԵԽ-ի ծրագիրը, ինչի համար ստեղծվել է հատուկ ինտերնետային կայք, որտեղ ներկայացվելու են բոլոր նյութերը։-0-

