«Դաշնակցությունը» չի հասկանում, թե ում դեմ է պայքարում ՀՀ առաջին նախագահը

11.04.2008, 15:14
«Դաշնակցությունը» չի հասկանում, թե ում դեմ է պայքարում ՀՀ առաջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց, որ չի հասկանում, թե ում դեմ են ուղղված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները «մինչև վերջ պայքարի մասին»։

«Ես չգիտեմ, թե ում դեմ է պայքարում Տեր-Պետրոսյանը։ Դաշնակցությունը կարգախոս ուներ՝ «Հավերժ պայքար», բայց մեր պայքարը ազգային-ազատագրական էր՝ ուղղված միասնական, ազատ և անկախ Հայաստան ստեղծելուն։ Մենք չենք պայքարում մեր սեփական ժողովրդի մի մասի դեմ»,- ուրբաթ լրագրողներին ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, պայքարը պետք է լինի միայն գաղափարական հենքի վրա, իսկ այսօր այդպիսին չկա։

«Երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր, մեր պայքարը Տեր-Պետրոսյանի և նրա ռեժիմի դեմ գաղափարական էր։ Մենք պայքարում էին նրանց դեմ, ով ժխտում էր ազգային գաղափարախոսությունը, դեմ էր դուրս գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ով ղարաբաղյան հարցում պարտվողական դիրքորոշում ուներ, ով սոցիալական ոլորտում չհիմնավորված քաղաքականություն էր վարում»,- նշեց Կարապետյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է 8,վիրավորվել մոտ 265  քաղաքացի։--0-