ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել հացադուլավոր ընդդիմադիրներին՝ դադարեցնել հացադուլը
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հացադուլի դադարեցման կոչով դիմել է իր կողմնակիցներին։
ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ Երևանի զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության համար Հայաստանի երեք քրեակատարողական հաստատություններում գտնվող 29 կալանավորներ հայտարարել են հացադուլ՝ պահանջելով վերանայել նրանց առաջադրված մեղադրանքները։ Հացադուլ հայտարարածների թվում են ՀՀ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը։ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, միանալով բողոքին, հացադուլ էր հայտարարել դեռևս մարտի 24-ին։
«Ձեր առողջությունը, անկոտրում կամքը և վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար», - ասվում է հինգշաբթի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «սրբազան պայքարի դրսևորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն հասարակությանը»։
«Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատևությունը կստիպի նաև միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է 8,վիրավորվել մոտ 265 քաղաքացի։
ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։--0-