Հայաստանն առաջին անգամ մասնակցեց կրոնական համոզունքների ազատության թեմայով ԵԽ քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի, /Նովոստի-Արմենիա/. Երեք հիմնական քրիստոնեական եկեղեցիների հետ Հայ առաքելական եկեղեցին առաջին անգամ մասնակցեց «Կրոնական համոզմունքների հետ կապված իրողության դասավանդում» խորագրով ԵԽ քննարկումներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիների քնննարկումներին Հայ առաքելական եկեղեցին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը։
«Այլ կրոնների վերաբերյալ ճշգրիտ և դրական ուսուցումը հանրակրթական դպրոցներում զգալիորեն կնվազեցնի կրոնական հողի վրա հակասությունը տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև։ Կրոնական դասագրքերում պետք է բացառել անհանդուրժողական և բացասական դրսևորումները այլ կրոնների նկատմամբ»,- նշել է նա իր ելույթում։
ԵԽ նախարարների կոմիտեի կողմից Եվրոպական կրոնական համայնքների և հասարակության այլ դերակատարների հետ այս բաց և թափանցիկ երկխոսության կազմակերպման հիմնական նպատակն էր ուսումնասիրել միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջոցով Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքների զարգացման և ամրապնդման հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցել են երեք ավանդական եվրոպական ճյուղերի, կրոնական հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ հարցերով փորձագետներ, ԵԽ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Ժողովի մասնակիցները կարևորել են կրոնական համոզմունքների դասավանդումը՝ իբրև կարևոր գործոն Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության, եվրոպական հասարակությունում արմատավորման և քաղաքացիների ձևավորման գործում։-0-