Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ղարաբաղի հարցով բացթողումներ եղան. խոսնակ

10.04.2008, 16:41
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ղարաբաղի հարցով բացթողումներ եղան. խոսնակ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ղարաբաղի հարցով բացթողումներ եղան, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, ներկայացենլով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծը։

«Ցավոք, բավական ժամանակ ենք բաց թողել, և, կարծում եմ, որ միտումները կարող են վտանգավոր դառնալ, եթե այսօր մենք միջոցներ չձեռնարկենք այդ իրավիճակը փոխելու համար»,- ասաց նա։
 
Թորոսյանի խոսքով, այս հարցում համախմբված աշխատանք է պետք, քանի որ մինչ օրս աշխատանքները տարվում էին առանձին անհատների մակարդակով։

«Իհարկե, հեշտ է քննադատել և վիրավորել առանձին զեկուցողների և առանձին կազմակերպությունների, որպեսզի իրենց հայրենասեր ձևացնեն, բայց դրանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի շահում։ Դժբախտաբար, գիտական և քաղաքական շրջանակներում հետևողական և համակարգված աշխատանքը գրեթե բացակայում է, ամեն ինչ մնում է առանձին անհատների նախաձեռնությունների մակարդակի վրա, ինչը կտրականապես անընդունելի է»,- ասաց նա։

ՀՀ խորհրդարանի նախագահը կարծում է, որ հաճախ միջազգային իրավունքը բաց է թողնվել տեսադաշտից, այնինչ, միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի մոտեցումները և քայլերը միջազգային իրավունքի տեսանկյունից անթերի են եղել։

Թորոսյանը կարևորում է լուրջ վերլուծությունների անցկացումը, որոնք պետք է լինեն տարբեր կառույցներում Հայաստանի ներկայացուցիչների, ինչպես նաև բանակցային գործընթացի մասնակիցների ձեռքին, որպեսզի վստահելի հիմք ունենան։

Խոսնակի խոսքով, նախաձեռնությունը կարող է պատակնել խորհրդարանին, քանի որ գիտական շրջանակներում համապատասխան ծրագրեր չկան։ «Մենք կարող ենք մասնագետների խումբ ստեղծել, որոնք կաշխատեն այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Թորոսյանն անհրաժեշտ է համարում լրացնել այն միջակայքը, որը Հայաստանը բաց է թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Դա այն կառույցների բացթողումն է, որոնք պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Թեև բանակցությունները հաջող էին ընթանում, բայց թիկունքի ապահովման առումով թերհաշվարկներ են եղել, որոնք պետք է շտապ լրացնել»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-