ՀՀ նախագահը կառավարության անդամներին է ներկայացրել նոր վարչապետին

10.04.2008, 15:16
ՀՀ նախագահը կառավարության անդամներին է ներկայացրել նոր վարչապետին
ՀՀ նախագահը կառավարության անդամներին է ներկայացրել նոր վարչապետին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին՝ ավելի քանի մեկ տարվա համատեղ աշխատանքի համար և ներկայացրել նոր վարչապետ Տիգրան Սարգսյանին։

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Հինգշաբթի ՀՀ խորհրդարանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը։

«Ուզում եմ  պաշտոնապես ձեզ  ներկայացնել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի հանրապետության  նոր վարչապետին  և հույս հայտնել, որ  նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի  հավակնոտ ծրագրեր։ Ես դրանում ուղղակի  համոզված եմ», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարի էր:

«Մենք միասին կարողացանք ավելացնել պետական բյուջեի մուտքերը, ինչը  հնարավորություն տվեց լուծելու որոշակի  սոցիալական խնդիրներ, սակայն կարծում եմ, որ և 2007-ը, և  դրան նախորդող  տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, և մենք հիմա  պետք է ավելի  հավակնոտ ծրագրեր ունենանք», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահն ընդգծել է, որ «բարեփոխումների առաջին փուլն ավարտվել է և մենք անցնում ենք երկրորդ փուլին»։

«Անհրաժեշտ է, որպեսզի ձեզանից  յուրաքանչյուրն իր հնարավորություններն առավել չափով ներդնի ընդհանուր գործին, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը կարողանա  դառնալ  թիմի կարևորագույն անդամներից մեկը», - ասել է նա։

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ «ցանկացած պետական գործչի համար պետք է երջանկություն լինի այն,  որ նա հնարավորություն է ստանում ծառայել իր ժողովրդին և,  միևնույն ժամանակ, ես քաջ գիտակցում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է»։

Նշելով, որ Կենտրոնական բանկում գործունեության 10 տարվա ընթացքում ինքը մշտապես  զգացել է  նախագահի և կառավարության աջակցությունը, նա համոզմունք է հայտնել, որ այդ  մթնոլորտը կպահպանվի։

«Ես կոշտ և խստապահանջ  ղեկավար եմ եղել Կենտրոնական  բանկում  և դա շարունակվելու է», - ընդգծել է նա։

Միաժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ թիմային աշխատանքի կողմնակից է և համոզմունք է հայտնել, որ «մենք  կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել, որովհետև, ինչպես նշեց  նախագահը, մենք, իսկապես, հավակնոտ ծրագրեր ունենք»։

Տիգրան Սարգսյանն ասել է, որ բավականին խորը գիտակցում է, թե ինչ ծրագրեր են, որոնք  արժանացել են Ազգային ժողովի  հավանությանը և նաև հանրապետության  նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնք արժանացել են  ժողովրդի հավանությանը:

«Կարծում եմ, որ  միայն համատեղ  ջանքերով մենք կարող  ենք այդ հավակնոտ ծրագրերն իրականացնել: Ես համոզված եմ, որ  մենք, դա կարող  ենք  անել։ Աստված մեզ  հետ», -եզրափակել է նա։

Ավարտին ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ նախանշված ծրագրերը  սահմանված ժամկետներում իրականացվելու են։

«Մենք դա անպայման անելու ենք, անպայման տնտեսական դաշտը  հստակեցնելու ենք, մրցունակ ենք լինելու,  խիստ պայքարելու  ենք  կաշառակերության  դեմ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է պետության նախագահի պաշտոնը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 9-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ, որն անցկացվում էր Ազգային ժողովի հատուկ նիստի շրջանակներում։-0-