Հայաստանի նոր կառավարությունը կձևավորվի հաջորդ շաբաթ

Հայաստանի կառավարության նոր կազմը կձևավորվի հաջորդ շաբաթ, չորեքշաբթի տեղեկացրել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ ձևավորվել է քաղաքական կոալիցիա, արդեն որոշվել է ապագա վարչապետի թեկնածությունը և հաջորդ շաբաթ կձևավորվի երկրի կառավարությունը», - ասել է Թորոսյանը Չեխիայի Սենատի խոսնակ Պրշեմիալ Սոբոտկայի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է վարչապետի պաշտոնում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Չեխիայի Սենատի խոսնակ Սոբոտկան բավարարվածություն է արտահայտել, որ մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանում կյանքը վերադառնում է նորմալ հուն և հրավիրել է ՀՀ խորհրդարանի խոսնակին պաշտոնական այցով այցելել Չեխիա։ Սոբոտկան նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները միջպետական հարաբերությունների կարևոր մասն են և ուղիներ են բացում՝ բոլոր բնագավառներում համագործակցելու համար։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 265 մարդ։-0-