Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատել է ԿԲ նախագահի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարամազնովը, կուսակցության Խորհրդի 98 անդամներից ներկա 90-ը միաձայն հաստատել է ընտրված նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը, այն է՝ Տիգրան Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում։
2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին հաղթած ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։
Պետության ղեկավարը կառավարության հրաժարականն ընդունելու է պաշտոնը ստանձնելու օրը։ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960թ. հունվարի 29-ին՝ Կիրովական քաղաքում։ 1978-1980թթ. ուսանել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանավորման և տնտեսության ֆակուլտետում։ 1980-1983թթ. սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում (Ռուսաստան)։ 2005թ. դեկտեմբերի 2-ին նրան շնորհվել է Երևանի Պետական
Տնտեսագիտական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
1987-1990թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես միջազգային տնտեսական կապերի վարչության պետ։ 1988-1993թթ.՝ Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։ 1990-1991թթ.՝տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր։
1993-1994թթ. Երևանի պետական համալսարանում դասավանդել է բանկային գործ։ 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1995- 1998թթ. Հասարակական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1995-1998թթ.՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ։ 1998 մարտի 3 –ից՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, 2005 մարտի 2-ից յոթ տարի ժամկետով վերանշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ --0—

