Երևանում տեղի ունեցավ Ռուսական գրքի կենտրոնի պաշտոնական բացումը

07.04.2008, 15:54
Երևանում տեղի ունեցավ Ռուսական գրքի կենտրոնի պաշտոնական բացումը
Երևանում տեղի ունեցավ Ռուսական գրքի կենտրոնի պաշտոնական բացումը

Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի և Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինայի ներկայությամբ Երևանում տեղի ունեցավ Ռուսական գրքի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Բելլա Քոչարյանի խոսքերով, այդ արարողությունը համընկել է Հայաստանում նշվող մայրության և գեղեցկության տոնի հետ։

Ռուսական գրքի կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2005 թվականին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի շրջանակներում և Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինայի անմիջական մասնակցությամբ։

«Ինձ համար մեծ արժեք ունի, որ Ռուսական գրքի կենտրոնի բացումը Երևանում անցկացվում է մայրության և գեղեցկության տոնի օրը, և ես կցանկանայի Հայաստանի և ամբողջ աշխարհի բնակչությանը շնորհավորել այս հիանալի տոնի կապակցությամբ»,- ասաց Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան։

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն՝ նշանավորելով մարտի 8-ից սկսված, այսպես կոչված, «Կանանց մեծարման միամսյակի» ավարտը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի որոշմամբ, ապրիլի 7-ը՝ Աստվածածնի ավետման եկեղեցական տոնի օրը, հայտարարված է նաև որպես Մայրության օրհնության օր։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, ներկայումս Ռուսական գրքի կոնտրոնում հաշվվում է մոտ 120 հազար օրինակ գիրք, իսկ առաջիկա օրերին սպասվում է 40 հազար օրինակ գրքի հերթական փոխանցում։

«2006 թվականից սկսած՝ Ռուսաստանից ստացվել է բազմաբնույթ գրականություն, որի մի մասը նվեր է տրվել գրադարարններին ու բուհերին, մի մասն էլ հավաքվել է նրա համար, որ այսօր իր տեղը գտնի այս Կենտրոնում»,-ասաց նա։

2008 թվականի փետրվարին Ռուսական գրքի կոնտրոնը Ռուսաստանի Դաշնության խորհրդից նվեր է ստացել 5 հազար օրինակ գիրք։ Կենտրոնում հավաքված գրքերի թվում են ռուս և համաշխարհային հեղինակների՝ Ռուսաստանում հրատարակված մանկական, պատանեկան, գիտահանրամատչելի, պատմական և գեղարվեստական գրականության օրինակներ։

Պողոսյանը նշեց, որ Ռուսական գրքի կենտրոնը կգործի և որպես գրադարան, և որպես տարբեր նպատակային կազմակերպություններին գիրք տրամադրող բարեգործական կազմակերպություն։

«Մշակման փուլում են գտնվում, մասնավորապես, Երևանի պետական համալսարանին, Թատրոնի և կինոյի Երևանի պետական ինստիտուտին, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանին, Երևանի Վ.Բրյուսովի անվանա պետական լեզվաբանական համալսարանին, մի քանի մասնավոր բուհերի, ինչպես նաև դպրոցական գրադարաններին գրականություն փոխանցելու մեխանիզմները»,-ասաց նա։

Նախարարը վստահություն հայտնեց, որ Ռուսական գրքի կենտրոնն իր պատերի ներսում կմիավորի ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականություն։

-0—