Բուենոս-Այրեսի հայկական եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արգենտինայում Հայաստանի դեսպանության և Սուրբ Աթոռ Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչության հովանավորությամբ Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում տեղի է ունեցել հայկական և համաշխարհային հոգևոր երաժշտության համերգ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
«Համերգը կազմակերպված էր Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական անձնակազմի պատվին»,- նշեցին ԱԳՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել օտարերկրյա և արգենտինացի դիվանագետներ, այդ թվում՝ Արգենտինայում Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Նունցիո Մոնսենյոր Ադրիանո Բերնարդինին, քսան երկրների դեսպաններ, հոգևորականներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ արգենտինահայեր:
Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Եկմալյանի, Դուրյանի, Մոցարտի, Բեթհովենի, Հենդելի, Բախի, Շուբերտի ստեղծագործությունները, որոնք ներկայացրել են օպերային երգիչներ սոպրանո Ալլա Ավետիսյանը և տենոր Խուան Դարբինյանը, Մխիթար աբեղա Կուդուսյանի ղեկավարած «Մեսրոպ Մաշտոց» երգչախումբը, դուդուկահար Գագիկ Գասպարյանր:
Միջոցառման ավարտին Ադրիանո Բերնարդինին դիվանագիտական կորպուսի անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին։-0-