Հայաստանը դեռ պետք է լուծի նախագահական ընտրությունների արդյունքների ընդունել-չընդունելու հարցը. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առջև ներկա պահին քաղաքական խնդիր է ծառացած. ընդունել, թե չընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, և ով կդառնա նոր նախագահ։ Այսպիսի կարծիք է հայտնել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21,5 տոկոսը։
«Մյուս բոլոր հարցերը ծառայողական բնույթ են կրում և կախված են իշխանության հարցի լուծումից, որը դեռ փակուղային է»,- ասաց քաղաքագետը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք ներկա պահին երկրում իրավիճակը շտկելու ուղղությամբ բանակցություններ ընթանում են իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, սակայն դատելով «ուղարկվող ազդանշաններից»՝ ամեն ինչ արվում է դրանք սկսելու համար։
Իսկանդարյանը նկատեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը լուծել կարող են 2-3 անհատներ՝ չնշելով նրանց անունները։ «Հատկապես նրանք պետք է լուծեն հարցը. դադարեցնել պայքարը, որ մղվում է այսօր, թե ոչ»,-ասաց նա։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։