Բուխարեստում նախատեսված չէ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) եռակողմ հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բուխարեստում՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովի շրջանակներում նախատեսված չէ, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։
«Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը համանախագահների հետ՝ ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ»,- ասաց Բալայանը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում։
Նա նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Բուխարեստում կլինի ապրիլի 3-ին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ ապրիլի 2-ին Բուխարեստում սկսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։
Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու համար և այդ կապակցությամբ համապատասխան փաստաթուղթ է ուղարկել կազմակերպություն։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

