ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրել երկրում տիրող իրավիճակը՝ խուսափելու համար բողոքի երկրորդ ալիքից. Դեմկուս

01.04.2008, 15:23
ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրել երկրում տիրող իրավիճակը՝ խուսափելու համար բողոքի երկրորդ ալիքից. Դեմկուս
ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրել երկրում տիրող իրավիճակը՝ խուսափելու համար բողոքի երկրորդ ալիքից. Դեմկուս

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Եթե ՀՀ իշխանությունները մոտակա ամիսներին ժողովրդին չբացատրեն երկրում տիրող իրավիճակը և չպատասխանեն հայ հասարակությունում հասունացած հարցերին, կարող է առաջանալ բողոքի ավելի զանգվածային ալիք։

Ինչպես հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, իշխանություններն այդ դեպքում չեն կարող դա բացատրել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Հայոց համազգային շարժում կուսակցության գործունեությամբ, «քանի որ դա լինելու է ժողովուրդը, որը նախագահին ներկայացնելու է իր իրական պահանջները»։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Մարտի 1-ից մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն էր մտցվել։

«Պետականության տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի իրավիճակը երկրում կայուն լինի։ Սակայն դրան անհրաժեշտ է հասնել ոչ թե ճնշելու միջոցով, այլ ժողովրդի մոտ իշխանությունների հանդեպ վստահության հաշվին»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Սարգսյանը։

ՀԴԿ առաջնորդի կարծիքով, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը չափազանց շատ է ձգձգվում, քանի որ տարվում է ինչպես քրեական տարրերի, այնպես էլ քաղաքական գործիչների նկատմամբ, «որոնք այս կամ այն կերպ քաղաքական պայքար էին մղում ռեժիմի դեմ»։

«Ես բացարձակապես անընդունելի եմ համարում այն, որ այսօր ձերբակալված են իսկապես քաղաքականությամբ զբաղվող անձինք, և որքան շուտ իշխանությունները ժողովրդին պարզաբանեն, թե հատկապես ինչպիսի հակաիրավական գործողություններ են նրանք կատարել, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար»,- պարզաբանեց նա։

Սարգսյանը նշեց, որ ժողովրդի համար ոչ պակաս կարևոր է այն հարցը, թե որքանով ինքնուրույն կլինի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը, և արդյոք ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը իսկապես հեռանում է մեծ քաղաքականությունից։

Նրա խոսքով, կարևոր է նաև այն, թե ինչպես է նորաստեղծ կոալիցիան լուծելու կադրային քաղաքականության հարցերը։

Ինչպես կարծում է ՀԴԿ առաջնորդը, կոալիցիոն դիրքերն ամրապնդելու համար առավել նախընտրելի է, որպեսզի նախագահին առաջարկվի կադրային բազա, որպեսզի նա կարողանա կատարել համապատասխան ընտրություն։

Հիշեցնելով Սերժ Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ նոր կառավարությունը հասկանալի կլինի ժողովրդին, ՀԴԿ առաջնորդն ընդգծեց, որ այժմ անհրաժեշտ է ճշտել, թե ինչ չափորոշիչներով է հնարավոր հասնել դրան։

«ժողովուրդը իրական քայլերի է սպասում այն բոլոր հարցերի և խնդիրների լուծման համար, որոնք նա ներկայացրել է և ցանկանում է հասկանալ, թե ադյոք իշխանություններն իսկապես մտադիր են իրական փոփոխություններ կատարել քաղաքականության մեջ»,- եզրափակեց Սարգսյանը։--0—