Հայաստանի ընտրված նախագահն ուղղումներ կմտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. փորձագետ
Հայաստանի ընտրված նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը ուղղումներ կմտցնի ղարաբաղյան հակամարտության մեջ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Ընտրված նախագահի դիրքորոշումն արդեն ցույց է տալիս ղարաբաղյան հարցում նրա մոտեցումների փոփոխության նախադրյալները, սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե նա կգնա, արդյոք, նման քայլերի»,-ասաց Մանասյանը։
Ընդ որում նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստ է օգտագործել ամեն հնարավորություն և Հայաստանի թուլացումը՝ հարձակվելու ու տարածքներ զավթելու համար։
«Հայաստանում մարտի դեպքերը ղարաբաղյան ենթախորք ունեին և անկասկած է, որ երկրի ցանկացած ներքաղաքական գործընթաց անպայման անդրադառնում է ղարաբաղյան հարցի վրա։ Ավելին, եթե Ադրբեջանը զգա, որ Հայաստանում թեկուզ որևէ տարածք հանձնելու մտադրություն կա, ապա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել»,-ասաց Մանասյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանն իր հերթին նշեց, որ Սերժ Սարգսյանի համար գայթակղիչ կարող է լինել ղարաբաղյան կարգավորման օգտագործումը՝ Հայաստանում սեփական դիքերն ամրապնդելու համար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

