Երևանի հիվանդանոցներում դեռևս գտնվում Է մարտի 1-ի փողոցային անկարգություններից տուժած հինգ մարդ

Երևանի բուժհաստատություններում, մարտի 31-ի տվյալներով, դեռևս գտնվում է մարտի 2-ի գիշերը փողոցային անկարգություններից տուժած հինգ մարդ, հայտնեցին Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Մարտի 31-ի տվյալներով, բուժօգնություն ստացողներից մեկը Ոստիկանության աշխատակից է, չորսը՝ քաղաքացիական անձինք։ Երկու քաղաքացի դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։
Հայաստանի Գլխավոր դատախազության տվյալներով, անկարգությունների արդյունքում մահացել է յոթ քաղաքացի և Ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է մոտ 265 մարդ, որոնց թվում՝ 210 ոստիկան։
Առողջապահության նախարարության տվյալներով, բուժօգնություն ստանալու համար Երևանի հիվանդանոցներ է դիմել 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայողներ։ -0-