Երևանի անկարգությունների 30 մասնակիցների քրեական գործերը դատարան կուղարկվեն հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի ./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ շաբաթվա ընթացում Երևանում մարտի 1-ի անկարգությունների 30 մասնակցների քրեական գործերը կուղարկվեն հանրապետության դատարաններ, երկուշաբթի Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։
«Հանդիպման ընթացքում Հովսեփյանը նշել է, որ հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործով ձեռք բերված ապացույցներին»,-ասել է մամուլի քարտուղարը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։
Հայաստանի Գլխավոր դատախազության տվյալներով, անկարգությունների արդյունքում մահացել է յոթ քաղաքացի և Ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է մոտ 265 մարդ, որոնց թվում՝ 210 ոստիկան։ Կալանավորված է 102 մարդ։
«Առանց հիմնավոր ապացույցների որևէ քրեական գործ դատարան չի ուղարկվի, մեղադրանքներ են առաջադրվում բացառապես քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու համար և որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի իր հայտնած քաղաքական կողմնորոշումների կամ հանրահավաքներին մասնակցելու համար», - հավաստել է գլխավոր դատախազը:
Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորած Ագոյի խմբի անդամներին Հովսեփյանը հայտնել է, որ նախաքննական մարմինը շահագրգիռ է հնարավորինս արագ ավարտել նախաքննությունը՝ առանց վնասելու քրեական գործի բազմակողմանիությանը, օբյեկտիվությանն ու լրիվությանը։
Կողմերն անդրադարձել են նաև պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևանում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության կարգավիճակին, ինչպես նաև նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալված և կալանավորված անձանց դատավարական իրավունքներին։
ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է 2007 թվականին, անկախ է, չունի գերատեսչական որևէ ենթակայություն և կոչված է քննելու հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցների, պետական պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերը:
Անդրադառնալով կալանավորվածների դատավարական իրավունքներին՝ դեսպան Պեր Սյոգրենը նկատել է, որ անհրաժեշտ բուժօգնություն կալանավորվածներին ցուցաբերելու վերաբերյալ դժգոհություններ, ահազանգեր չեն ստացել:
Ինչ վերաբերում է՝ մերձավոր ազգականների հետ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների ժամանակավոր արգելքին, ապա գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 102 կալանավորից սահմանափակվել է միայն 21-ի տեսակցության իրավունք՝ ելնելով քրեական գործի շահերից և ընդգծել, որ այդ սահմանափակումը որևէ կերպ չի անդրադարձել պաշտպանների և իրավապաշտպանների հետ հանդիպելու նրանից իրավունքի իրացման վրա:
Միաժամանակ Հովսեփյանը նշել է, որ մերձավոր ազգականների հետ կալանավորված անձանց տեսակցությունների սահմանափակման հարցը, դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը քննարկվել է մարտի 27-ին դատախազությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ և կոնկրետ անձանց վերաբերյալ գործերի ուսումնասիրության արդյունքում մարտի 29-ին որոշում է կայացվել վերացնել թվով 13 կալանավորի տեսակցության իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշումները:-0-