Հայաստանում մարտի 31-ից ապրիլի 7-ը կանցկացվի մանկապատանեկան գրականության շաբաթ

28.03.2008, 12:59
Հայաստանում մարտի 31-ից ապրիլի 7-ը կանցկացվի մանկապատանեկան գրականության շաբաթ
Հայաստանում մարտի 31-ից ապրիլի 7-ը կանցկացվի մանկապատանեկան գրականության շաբաթ

Մարտի 31-ին Վայոց Ձորում կմեկնարկի մանկապատանեկան գրականության շաբաթը, ուրբաթ Երևանում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

«Այս շաբաթվա միջոցով մենք ցանկանում ենք գրական ճաշակ ձևավորել երիտասարդ սերնդի մոտ», - ասաց Անանյանը։

Նրա խոսքերով, երկրի մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի գրական շաբաթի անցկացման վայր է ընտրվում Հայաստանի քաղաքներից մեկը։

Այսպես, անցած տարիներին միջոցառումն անցկացվել է Վանաձորում, Գյումրիում և Գեղարքունիքում։

Միության նախագահի խոսքերով, գրական շաբաթը պատանի ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալ մանկական գրականության նորամուծություններին։

Բացի այդ, Անանյանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակներում կազմակերպվելու են ժամանակակից մանկական գրողների հանդիպումներ Հայաստանի մարզերի տարբեր դպրոցների աշակերտների հետ։

«Այս տարի մենք մտադիր ենք ընդլայնել այդ հանդիպումների աշխարհագրությունը», - ավելացրեց Անանյանը։

Միաժամանակ նա ասաց, որ դպրոցականներն, իրենց հերթին, ևս պատրաստել են մեծ անակնկալներ։

«Ես կարծում եմ, որ նման միջոցառումները կարող են տեղաշարժ դառնալ՝ գրականության մեջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար», - նշեց Միության նախագահը։

Շաբաթվա շրջանակներում տեղի կունենա նաև «Լավագույն գիրք» անվանակարգում մանկական գրողի պարգևատրում։

Գրական շաբաթն անցկացվում է յոթերորդ անգամ և կտևի մինչև ապրիլի 7-ը։ Միջոցառման անցկացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։-0-