Հայաստանի համար ցանկալի չէ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ. փորձագետ

27.03.2008, 15:06
Հայաստանի համար ցանկալի չէ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ. փորձագետ
Հայաստանի համար ցանկալի չէ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ. փորձագետ

Հայաստանի համար ցանկալի չէ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին  փոխնախարար Վահան Շիրխանյանը։

«Ապրիլի 2-4-ը Բուխարեստում` ՆԱՏՕ-ի ասամբլեայում, կքննարկվի Վրաստանի հարցը, որը ՆԱՏՕ մուտք գործելու ծրագիր իրականացնող երկրի կարգավիճակ կարող է ստանալ։ Հաշվի առնելով այս կազմակերպության հետ աշխատելու լրջությունն ու հավասարկշռվածությունը՝ կարծում եմ, որ տվյալ որոշումը չի ընդունվի»,- հինգշաբթի «ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Կովկաս. հայացք Երևանից» սեմինարի ժամանակ ասաց Շիրխանյանը։ 

Նրա խոսքերով, Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու քաղաքական հետևանքները պետք է դիտարկել հետևյալ տեսանկյուններից՝ որքանով է ամբողջական երկիրը, ինչպիսի հակադիր ուժեր կարող են ձևավորվել այդ անդամակցությունից, Անդրկովկկասում կայունությունը կպահպանվի, թե իրավիճակը կապակայունացվի, ինչ կտա այդ անդամակցությունը հենց Վրաստանին և ինչպես այն կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

«Եթե Վրաստանը մտնի Հյուսիս-ատլանտյան դաշինք, կարելի է կանխատեսել իրադարձությունների զարգացման երկու սցենար։ Հայաստանի համար ամենավատ տարբերակն այն է, որ Վրաստանը սկսի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, իհարկե, ռազմական ճանապարհով։ Այդ ժամանակ Հայաստանում ի հայտ կգա արտակարգ դրության պայմաններում կենսագործունեության ապահովման խնդիր»,-ասաց Շիրխանյանը։

Ընդ որում նա նշեց, որ կարող են լինել ավելի լուրջ հետևանքներ, մասնավորապես, կարող է պատերազմ սկսվել Ղարաբաղում։

«Վրաստանի ռազմական գործողությունները կարող են արձագանք ստանալ սառեցված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում»,-ասաց Շիրխանյանը։

Երկրորդ հնարավոր սցենարով, ինչպես կարծում է փորձագետը, Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելուց հետո, Ադրբեջանը նույնպես կդառնա ալյանսի անդամ։

«Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջապատում։ Հայաստանի համար միակ ելքը կմնա Իրանը, իսկ ռազմավարական միակ գործընկերը՝ Ռուսաստանը։ Այսպիսով, Հայաստանը կհայտնվի աշխարհի երկու հզոր ռազմական ծրագրերի (ՆԱՏՕ և ՀԱՊԿ-«Նովոստի-Արմենիա) բախման կետում,- ասաց Շիրխանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի համար իրադարձությունների ամենալավ ու ամենահավանական զարգացումը Վրաստանի՝ ՆԱՏՕ չմտնելն է։-0-