Պետական ծառայողների վերապատրաստման ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ մարտի 28-ին

27.03.2008, 13:57
Պետական ծառայողների վերապատրաստման ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ մարտի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթաց» իննամսյա ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ մարտի 28-ին։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, ծրագրի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել կենտրոնական և մարզային պետական կառույցների հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացումը:

Ծրագիրն իրականացնելու համար հիմք է հանդիսացել Քաղաքացիական ծառայության և Ինֆորմացիոն ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատության ոլորտում կարիքների գնահատում` հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության և անվտանգության մարմինների մամլո ծառայությունների համար» տեղեկատվական ուսումնասիրությունը։

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև կարիքների գնահատման հաշվետվությունը:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեզո Կասինելին, ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հանդես կգան բացման խոսքով: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ` Իտալիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:--0-