Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը. Զուբկով
Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարել է, որ Հայաստանը միշտ կարող է աապավինել Ռուսաստանի աջակցությանը։
«Անկասկած, մենք անկեղծ ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, և Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը»,-ասել է Զուբկովը երկուշաբթի Մոսկվայում` Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսական կողմի խոստումներն ու նախորդ հանդիպումներում և հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անպայմանորեն և ամբողջությամբ կկատարվեն»,- Զուբկովի խոսքերը մեջբերում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի գործունեությունը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։
Մամուլի ծառայությունում նշել են նաև, որ հանդիպման ընթացքում Զուբկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ և համոզվածություն հայտնել, որ պետական կառավարման համակարգում Սերժ Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծել երկրի նախագահի առջև դրված խնդիրները։-0-

