ՀՀ ոստիկանությունը կասեցնելու է բողոքի չարտոնված ակցիաները. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը կասեցնելու է բողոքի չարտոնված նոր ակցիաները, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով ընդդիմության հայտարարությունը մարտի 21-ից բողոքի ցույցերը շարունակելու մտադրության մասին։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, վիրավորվեց մոտ 230 մարդ։
Մարտի 20-ին լրանում է Երևանում գործող արտակարգ դրության ժամկետը, որը մարտի 1-ից մտցվել էր Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։
«Եթե ընդդիմության նոր ակցիաները չարտոնված լինեն, ապա ոստիկանության պարտքն է լինելու անմիջապես դադարեցնել դրանք»,- ասաց Քոչարյանը։
Նախագահը նշեց, որ 9 օր տևած ընդդիմության բողոքները չէին դադարեցվում միայն մեկ պատճառով՝ ինքն անձամբ արգելում էր, քանի որ ընթանում էր նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ, ինչպես նաև քվեարկության արդյունքների բողոքարկման շրջանն էր, որոնց ժամանակ իշխանությունների ցանկացած կտրուկ գործողություն կարող էր գնահատվել որպես ձայների վերահաշվարկի գործընթացի վրա ազդելու փորձ։
«Ես վստահ չեմ, որ ճիշտ եմ վարվել։ Կարծում եմ, որ եթե չարտոնված հանրահավքների արդեն իսկ երկրորդ օրը ոստիկանությունը կտրուկ միջոցներ ձեռնարկեր, ապա հնարավոր կլիներ խուսափել նման ծանր հետևանքներից»,- ասաց Քոչարյանը։
Պետության ղեկավարը նշեց, որ այս անգամ մտադիր չէ միջնորդել, հակառակը՝ ոստիկանությունից պահանջելու է անհապաղ քայլեր ձեռնարկել, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։
«Անձամբ ես այն կարծիքին եմ, որ որոշակի ժամանակահատվածում պետք է զերծ մնալ բողոքի ակցիաներ կամ հանրահավաքներ անցկացնելուց, քանի որ նույն վայրերում հավաքվելու են նույն մասնակիցները, և այդ նույն ոստիկանությունն է ներկա գտնվելու նրանց անվտանգությունն ապահովելու համար և դա այն պայմաններում, որ տուժածներից շատերը դեռևս գտնվում են հիվանդանոցներում»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ ակցիաների անցկացումը միանշանակ չի նպաստելու երկրում կայունության և զսպվածության պահպանմանը։
«Դեռ ավելին, դեռևս հետախուզման մեջ են գտնվում մարդիկ, որոնք զենք և պայթուցիկ նյութեր են օգտագործել ոստիկանության դեմ, և չկա որևէ երաշխիք, որ պատասխանատվությունից խուսափելու համար նրանք սադրանքի դիմելու փորձ կանեն»,- ասաց Քոչարյանը։
Մասնավորապես, նախագահը չբացառեց այն հնարավորությունը, որ հանրահավքի ժամանակ կարող են պայթուցիկ նյութեր կիրառվել՝ փորձելով մեղքը գցել իշխանությունների վրա։
«Դրանից ելնելով, հանրահավաքների անցկացման մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք համահունչ են Սահմանադրությանը և հնարավորություն են նախատեսում, որպեսզի քաղաքապետարանը ցույցեր անցկացնելու արտոնագիր տրամադրի միայն իրավապահ մարմինների եզրակացությունների հիման վրա, որոնք էլ հանրահավաքների ժամանակ ապահովելու են անվտանգությունը»,- ասաց Քոչարյանը։
Միաժամանակ, նախագահը նշեց, որ դրանում Հայաստանը ոստիկանական երկրի վերածելու որևէ սպառնալիք չի տեսնում, առավել ևս, որ եվրոպական երկրներում քաղաքապետարաններն ունեն իրենց ոստիկանական ուժերը, ինչը նրանց թույլ է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել արտոնագրեր տալու և կարգուկանոնը պահպանելու վերաբերյալ։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։
Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:--0—