Հայաստանի նախագահը ցավում է, որ չկարողացավ կանխել մարտի 1-ի դեպքերը

20.03.2008, 16:02
Հայաստանի նախագահը ցավում է, որ չկարողացավ կանխել մարտի 1-ի դեպքերը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավում է, որ չկարողացավ կանխել Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած  իրադարձությունները։

«Դժվար է գնահատական տալ նրան, ինչն արվել է անցած տարիների ընթացքում, սակայն  մի բան կարող եմ ասել, թե ինչը միանշանակ չհաջողվեց՝ մարտի 1-ի դեպքերը կանխելը»,-ասաց նախագահը լրագրողներին՝ պատասխանելով իր նախագահության ընթացքում սեփական քայլերին գնահատական տալու վերաբերյալ հարցին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Ես սա ցավով եմ ասում, բայց դա ինձ չհաջողվեց, չնայած ես կարող էի անել այնպես, որ թեկուզ կտրուկ մեթոդներով կարողանայինք խուսափել ավելի լուրջ ու ծանր հետևանքներից»,-ասաց Քոչարյանը։

Ընդ որում, նա նշեց, որ իր նախագահության ընթացքում եղած մնացած դրական ու բացասականի վերաբերյալ ավելի մանրամասն կկարողանա խոսել ապրիլի 9-ից ՝ նախագահական պարտավորությունների ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-ին Երևանում կկայանա Հայաստանի նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, ով հաղթեց փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։ ԿԸՀ տվյալներով, Սարգսյանը ընտրություններին հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։-0-