Մոտակա շաբաթները և ամիսները Հայաստանի համար փորձություն կդառնան. Օսկանյան
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մոտակա շաբաթները և ամիսները Հայաստանի համար փորձություն կդառնան, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ Բեյրութի «Ազդակ» հայկական թերթին տված հարցազրույցում։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։
«Հայաստանի վարկանիշը տուժել է ինչպես անկարգությունների, այնպես էլ զոհեր ունենալու հետևանքով, և երբ միջազգային հանրությունը պահանջում է հետաքննել իրադարձությունները, այն շահագրգռված չէ իմանալ, ով և ինչի համար է պատասխանատու։ Նրանք իրադարձությունները դիտարկում են որպես հայկական քաոս, հայկական ողբերգություն, հայկական հիմնախնդիր և դատապարտում են մեզ՝ բոլորիս միասին»,- ասել է Օսկանյանը հարցազրույցում, որի տեքստը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Նրա խոսքով, տուժել է ոչ միայն կառավարությունը, հեղինակությունը կորցրել է ոչ միայն ընդդիմությունը, այլ վիրավորվել է ողջ Հայաստանը։
«Մենք պետք է ընդունենք նրանց քննադատությունը, լսենք նրանց հիասթափության մասին, կիսենք նրանց վրդովմունքը և փորձենք համոզել, որ սա մշտական գործընթաց չէ, այլ ժամանակավոր շեղում այն ուղուց, որը մենք որոշել էինք անցնել։ Հույս ունեմ, որ ես չեմ սխալվում»,- ընդգծել է Օսկանյանը։
Նրա խոսքով, այն, ինչը տեղի կունենա մոտակա շաբաթներին և ամիսներին, իսկական փարձություն կդառնա երկրի համար։
«Առավել ոգևորիչ է այն հանգամանքը, որ չնայած այս ամենին, Հայաստանի նկատմամբ բարի կամք կա, մեծ հույս և անկեղծ ցանկություն կա տեսնել մեզ՝ որպես այս ամենն իսկապես հաղթահարած երկիր»,- նշեց Օսկանյանը։--0—

