Հայաստանը Սերբիային չի պատժի` Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԳԱ-ում նրա դիրքորոշման համար. Օսկանյան
Հայաստանը Սերբիային չի պատժի այն բանի համար, որ նա կողմ է քվեարկել ՄԱԿ ԳԱ Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձևին, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ Այդ բանաձևով Ադրբեջանը խնդրել է հաստատել իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների վրա։
«Մեր գնահատականներով՝ Սերբիան ճիշտ չի վարվել՝ քվեարկելով այդ բանաձևի օգտին, քանի որ նրանք ունեն Կոսովոյի հիմնախնդիրը։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք չպետք է գնային այդ քայլին, քանի որ կարող էին ավելի հավասարակշիռ դիրքորոշում ընդունել»,- չորեքշաբթի ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Սակայն, ԱԳ նախարարի խոսքով, պաշտոնական Երևանը մտադիր չէ այս պահին փոխել Կոսովոյի անկախության վերաբերյալ իր դիրքորոշումը միայն այն բանի համար, որպեսզի պատժի Սերբիային։
«Կարծում եմ, որ դա կարող է ավելի բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է գնա այդ քայլին, որը նախատեսված չէր և չի բխում մեր շահերից՝ միայն պատասխան տալու համար մեկ ուրիշ երկրի սխալ քայլին։ Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէր լինի»,- ասաց Օսկանյանն՝ ընդգծելով, որ դիվանագիտության մեջ չպետք է ղեկավարվել զգացմունքներով։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման համաձայն, Հայաստանը Կոսովոյի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի իր համար հարմար պահի։--0—