ՀՀ ԱԳՆ-ն կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևը միակողմանի է և չհամաձայնեցված
ՀՀ ԱԳՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի նախաձեռնած Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևը միակողմանի է և չհամաձայնեցված։
Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։
«Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳԱ քննարկմանը ներկայացված միակողմանի և չհամաձայնեցված բանաձևը միայն այդ երկրի ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին։
Բալայանի խոսքով, Ադրբեջանը դա շատ լավ գիտի։ «Այդ մասին շատ լավ գիտեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, քաջատեղյակ է նաև միջազգային հանրությունը, ինչը ցույց տվեց նաև ՄԱԿ ԳԱ քվեարկությունը»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։
«Երևի Ադրբեջանն ակնկալում էր, որ իրենց նախաձեռնություններով ինչ-ինչ անհասկանալի շահաբաժիններ ձեռք կբերեն, ինչը տեղի չունեցավ, կամ էլ հող են նախապատրաստում խուսափելու համար Մինսկի խմբի ներկա բանակցային գործընթացից, հետևաբար նաև ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթից»,- ասաց Բալայանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

