Հայաստանը և Ռուսաստանը բավարարված են փոխհարաբերությունների բարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ռուսաստանը բավարարված են տարբեր բնագավառներում երկկողմ փոխհարաբերությունների բարձր մակարդակով։ Այս մասին նշվել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և երեքշաբթի Երևան այցելած ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Օսկանյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին և նշել, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով:
Կողմերը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը և ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձևի նախագծի քվեարկության արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաև ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր։-0-