ՀՀ նոր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում

ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 14։00-ին՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։
Երդման արարողությունը տեղի կունենա ՀՀ խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում, որը կգումարվի ՀՀ նորընտիր նախագահի՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Նման որոշում է ընդունվել երեքշաբթի` ՀՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ։
ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը պարզաբանել է, որ հատուկ նիստի անցկացման կապակցությամբ ՀՀ խորհրդարանի՝ այդ օրը նախատեսված հերթական նիստը չեղյալ կհամարվի։
Նա ավելացրել է, որ երդման արարողության ժամն ընտրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հարմար լինի արարողությանը հրավիրված հյուրերին։
Ապրիլի 9-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի նախագահական լիազորությունների ժամկետը և այդ պաշտոնին է անցնում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանը։ Ընտրությունների արդյունքներով, վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82 տոկոսը։-0-