ԵՊՀ մագիստրատուրայում կրեդիտային համակարգի ներդրումը բարձրացրել է առաջադիմությունը

ԵՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսում կրեդիտային հակամարգի ներդրումը հանգեցրել է ուսանողների առաջադիմության բարձրացմանը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ ուսումնական վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հրանտ Ժամհարյանը։
Նրա խոսքերով, ԵՊՀ մագիստրատուրայի միայն առաջին կուրսում վատ սովորող մագիստրանտների թիվն այս տարի, 2007 թ. առաջին կիսամյակի համեմատ, կրկնակի կրճատվել է։
«Անցյալ տարի ԵՊՀ մագիստրատուրայի երկու կուրսերում էլ ուսանողները ստացել են 400 անբավարար գնահատական, իսկ ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակում՝ 100 գնահատականով ավելի քիչ։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել առաջին կուրսի հաշվին, որտեղ այս կիսամյակում գրանցվել է միայն 100 անբավարար արդյունք», - ասաց Ժամհարյանը։
ԵՊՀ ուսումնական վաչության պետն ընդգծեց, որ կրեդիտային համակարգի կարևոր ձեռքբերումը հաճախելիության կտրուկ աճն է։
«Նախկինում ուսանողները չէին հաճախում դասերին՝ պատճառաբանելով, որ աշխատում են։ Այժմ հաճախելիությունն աճել է, քանի որ նրանք պետք է հաճախեն դասախոսություններին։ Այսպիսով, բարձրանում է նաև գիտելիքների որակը, քանի որ դասերին նորմալ հաճախող ուսանողն անպայման ինչ-որ բան կսովորի», - ասաց Ժամհարյանը։
Նրա խոսքերով, կրեդիտային համակարգի ներդման հետ կապված՝ առաջանում են միայն տեխնիկական բնույթի դժվարություններ։ «Որոշ դասախոսներ դժվարությամբ են ընդունում նոր համակարգը, դժվարություններ են առաջանում փաստաթղթերի ձևակերպման ժամանակ, քանի որ անհրաժեշտ է անպայման նշել ուսանողների ընտրած ուսումնական դասընթացները, ուսուցման արդյունքները և շատ այլ բաներ», - ասաց Ժամհարյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ անցյալ կիսամյակի ընթացքում, ինչպես նաև 2008 թ. հունվարին, կազմակերպվել են հատուկ դասընթացներ՝ դասախոսների և ծրագրերի ղեկավարների համար՝ կրեդիտային համակարգի շրջանակներում աշխատանքի նրբություններին նրանց ծանոթացնելու նպատակով։
«Ընդհանուր առմամբ կրեդիտային համակարգով կրթությունը տվել է դրական արդյունքներ։ Բացի այդ, այժմ ծրագրերի ղեկավարները խորհրդակցում են ուսանողների հետ, և նրանց կարծիքը հաշվի է առնվում ծրագրերը կազմելիս։ Ուսանողները կարող են նաև որոշ դասընթացներ վերցնել՝ իրենց ցանկությամբ, քանի որ յուրաքանչյուր ծրագիր ունի պարտադիր և լրացուցիչ դասընթացների իր թիվը», - ասաց Ժամհարյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջին կիսամյակի արդյունքներով՝ արդեն հեռացվել է միանգամից երեք առարկայից կրեդիտ (կամ նվազագույն դրական բալ, որը կազմում է 8 բալ) չստացած յոթ ուսանող։
«Երկու անբավարար արդյունքների դեպքում չորս և ավելի ցածր բալ ստացած ուսանողները մյուս տարի կրկին կանցնեն երկու դասընթացները, ընդ որում՝ անվճար, քանի որ դա արդեն մտնում է վճարի մեջ։ 5-7 բալ ստացած ուսանողները վերահանձնելու են քննությունները վերաքննության շրջանում», - ասաց Ժամհարյանը։
Նա նշեց, որ հաջորդ ուստարում կրեդիտային համակարգ կներդվի նաև բակալավրիատում։ «Այժմ ֆակուլտետներն աշխատում են բակալավրիատի ուսումնական ծրագրի վրա։ 2012 թ.-ին կրեդիտային համակարգով կաշխատի ողջ համալսարանը», - ասաց Ժամհարյանը։
2007-2008 թ.-ին առաջին անգամ ԵՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսն անցավ կրեդիտային համակարգով ուսուցման։ Այդ համակարգի շրջանակներում նվազագույն դրական գնահատական ստանալու դեպքում ուսանողները ստանում են կրեդիտներ, ընդ որում, կրեդիտների հավասարաչափ քանակություն տրվում է անկախ այն բանից, թե հավաքել է, արդյոք, ուսանողը նվազագույն թե առավելագույն դրական բալ։
Համակարգը ուսանողներին հանավորություն է տալիս առավելագույն 20-ից ստանալ 4 բալ՝ միայն հաճախելության հաշվին, մոտավորապես 8-10 բալ կարելի է ստանալ ընթացիկ պատասխանների համար և ևս 8-10 բալ, կախված ծրագրից, կարելի է ստանալ վերջնական քննության ժամանակ։-0-