Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը

17.03.2008, 16:06
Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը
Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում երկու ընթերցումով փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային ժողովի հասարակության հետ կապերի վարչությունից,  ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` 2008 թ. մարտի 17-ին, ժամը 18.30-ին կանցկացվի արտահերթ նիստ։

Կանոնադրության համաձայն, արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում։ Քառօրյայի ընթացքում արտահերթ նիստը կարող է գումարվել 18։30-ից մինչև 24։00-ն։ Օրակարգի հարցերի քննարկումից հետո արտահերթ նիստը համարվում է փակված։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների և իրավապահների ընդհարման, որի արդյունքում մահացել է ութ մարդ։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Կատարված իրադարձությունների համատեքստում մարտի 5-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է միևնույն քաղաքական ուժի կողմից նույն տեղում պարբերական հանրահավաքներ անցկացնելն արգելելու անհրաժեշտությունը։

«Անհրաժեշտ է բացառել մշտական հանրահավաքների անցկացման ոճը, որպեսզի խուսափենք նման իրավիճակի կրկնությունից»,-ասել է նա։-0-