ՀՀ ոստիկանության պետը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը

14.03.2008, 17:28
ՀՀ ոստիկանության պետը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը
ՀՀ ոստիկանության պետը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ քննարկել է հանրապետության ներքաղաքական իրավիճակը։

Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները (որում հաղթել է Սերժ Սարգսյանը) բողոքարկող ընդդիմության բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և իրավապահների հետ ընդհարումների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Ներկայացնելով մարտի 1-ին և 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը` Հայկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունն ամեն ինչ արել է՝ զանգվածային անկարգություններն ու իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Հարությունյանը տեղեկացրեց, որ կարգադրություն է ստորագրել ԵԽ հանձնակատարի ղեկավարած պատվիրակությանը թույլ տալու անարգել մուտք գործել ժամանակավոր պահման մեկուսարան` պայմաններին ծանոթանալու և այնտեղ պահվող անձանց հետ զրուցելու համար:

Իր հերթին Համարբերգը շնորհակալություն հայտնեց մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար` կարևորելով այն հանգամանքը, որ տեղեկատվությունը և արժեքավոր ու մանրամասն մեկնաբանություններ ստացավ ՀՀ ոստիկանության պետից, ինչը իրեն թույլ կտա իրավիճակի իրական պատկերը ներկայացնել միջազգային հանրությանը:

Համարբերգը ընդգծեց նաև, որ ինքը հանդիպումներ է ունենալու իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմության ղեկավարների հետ, այցելելու է մեկուսարաններ և հիվանդանոցներ, ինչը հնարավորություն կընձեռի իրատեսական պատկերացում կազմել երկրի գործընթացների մասին:--0—