Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացումը կթեթևացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մի շարք կետերի իրականացումը կթեթևացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Հուսով եմ, որ նոր նախագահը հետևողական կլինի իր նախընտրական ծրագրի իրականացման գործում, քանի որ այնտեղ շատ կարևոր դրույթ կա՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, դա կբարձրացնի Արցախի դերը՝ որպես հակամարտության և բանակցության կողմ։
«Ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է լինելու իրագործել, բայց Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, ինչպես դա առաջ էր։ Եթե այդ կետն իրականացվի, ապա Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կթեթևանա»,- ասաց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանը նաև նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրում Արցախի համար նախատեսվում է Ադրբեջանի կազմում մեծ ինքնավարության կարգավիճակը։
«Տեր-Պետրոսյանը երբեք չի խոսել Ղարաբաղի անկախության մասին, նա խոսել է միայն ժողովրդի ազատության մասին։ Բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ ընդունելի չէ Ղարաբաղի համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած մեծ ինքնավարություն կարճ ժամանակ անց սկսում է կրճատվել»,- ասաց քաղաքագետը։
Հայաստանի նախագահական ընտրություններում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրաձայների 52,82 տոկոսը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոսը։--0—