Հայաստանն ավելի հաճախ պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության հարցն աշխարհում. փորձագետ

14.03.2008, 14:45
Հայաստանն ավելի հաճախ պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության հարցն աշխարհում. փորձագետ

Հայաստանն ավելի հաճախ պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության հարցն աշխարհում, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Ինչու են մեր դիվանագետները մոռանում, որ ՄԱԿ-ը մի կազմակերպություն է, որը զբաղվում է ազգերի, այլ ոչ թե պետությունների խնդիրներով։ ՄԱԿ-ին դիմելու փոխարեն մենք ստեղծել ենք նոր արտահայտություն՝ չճանաչված պետություն»,-ասաց Մելիք-Շահնազարյանը ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանն ու Ղարաբաղը ոչ բավարար արդյունավետությամբ են կիրառում իրենց ունեցած՝ սեփական դիրքերի արդարացիության ապացույցները։

«ՄԱԿ-ում երկրները որոշում են կայացնում՝ ելնելով իրենց շահերից։ Այնտեղ ներկայացված են շատ երկրներ, որոնց չի հետաքրքրում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Նրանք չեն խորանա հարցի մեջ։ Մենք  պետք է բավարար ապացույցներ ներկայացնենք»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա ընդգծեց, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել ամենաօրինական հիմքերով։

«Մենք պետք է չզլանանք և մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնենք Լեռնային Ղարաբաղի գոյության մասին, առավել ևս, որ մենք դա անելու բոլոր անհրաժեշտ հիմքերն ունենք»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ին ուղղած Ադրբեջանի բանաձևը պահանջում է «հերթական անգամ հաստատել Ադրբեջանի սահմանները», ինչի վերաբերյալ Հայաստանն իր փաստարկներն ունի։

«Մեր նպատակն է ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակել է մինչև Ադրբեջանի ՄԱԿ մտնելը և երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Ընդ որում, դա անելը բոլորովին էլ դժվար չէ»,-ասաց քաղաքագետը։

Ադրբեջանը 2008 թվականի փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է մտցրել բանաձևի նախագիծ, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները և Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-