«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը խնդրում է Վարչական դատարանին՝ անվավեր ճանաչել Երևանում ԱԴ մտցնելու մասին նախագահի հրամանագիրը

14.03.2008, 14:21
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը խնդրում է Վարչական դատարանին՝ անվավեր ճանաչել Երևանում ԱԴ մտցնելու մասին նախագահի հրամանագիրը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ուրբաթ դիմել է Վարչական դատարան՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կուսակցության մամուլի ծառայությունից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը մարտի 1-ին վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, բուժօգնության համար հիվանդանոցներ է դիմել 131 մարդ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Կուսակցությունը կարծում է, որ հրամանագիրը դադարեցնում է ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, մասնավորապես, սահմանափակում է զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակները, հակասում է Հայաստանի օրենսդրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ և ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Դատարանին ուղղված դիմումում «Ժառանգությունը» խնդրում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանագիրը, որը, կուսակցության հիմնավորմամբ, օրենքից դուրս է և անհամաչափ՝ ստեղծված իրավիճակին:

Հայցվոր կողմը դատարանին միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել ՀՀ նախագահի կողմից սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ և շտապ նշանակել արագացված դատաքննություն:

«Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է, որ Վարչական դատարանն արդար վճիռ կկայացնի ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված արգելանքները հանելու, արտակարգ դրության պայմանակարգով ստեղծված անհարմարությունները վերացնելու, քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջապես վերահաստատելու համար:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, այժմ «Ժառանգություն» կուսակցության հայցն արդեն ներկայացվել է Վարչական դատարան, սակայն չի փոխանցվել դատավորներից որևէ մեկի վարույթ։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 14-ի հրամանով՝ հանվել են արտակարգ դրության մասին հրամանի կապակցությամբ մտցված ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները։ Միաժամանակ արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։ Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։

Մարտի 10-ից ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։-0-