ՀՀ ԱԱԾ-ն զինամթերք է առգրավել ձերբակալված պատգամավորին պատկանող ռեստորանից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները զինամթերք են առգրավել, որոնք թաքցված են եղել Հայաստանի խորհրդարանի ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող «Վանատուր» ռեստորանային համալիրի տարածքում։
Նա ձերբակալվել էր մարտի 12-ին՝ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում՝ մարտի 1-2-ին Երևանում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Միքայելյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի երրորդ մասի և 300-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ ձերբակալված պատգամավոր Միքայելյանը իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր՝ թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հինգշաբթի ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել և առգրավվել է Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ–42 տեսակների 20 և հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի և գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, «Պրոմետազին» տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև 1 ինքնաշեն հրազեն:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, բուժօգնության համար հիվանդանոցներ է դիմել 131 մարդ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալու և սահամանդրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով։-0-