Դաշնակցությունը մասնակցելու է Հայաստանի կոալիցիոն կառավարությանը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է երկրի կոալիցիոն կառավարությանը։
Նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հայտարարել էր իշխող կոալիցիայի հետ պայմանագրով նախատեսված՝ նրան ամրագրված պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամության մասին՝ ելնելով քաղաքական նկատառումներից։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն արդեն հրաժարվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնից՝ իր հրաժարականը հիմնավորելով նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներով։
«Դաշնակցությունը ևս մասնակցելու է կոալիցիոն կառավարությանը, և մենք, ամենայն հավանականությամբ, մոտակա 10 օրերի ընթացքում հանրության դատին կներակայցնենք մեր քաղաքական ծրագիրը։ Դեռևս միայն քաղաքական ծրագիրը, այլ ոչ թե կոալիցիոն կառավարության կազմը», - հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում ասել է Սարգսյանը՝ պատասխանելով Ինտերնետի և հատուկ հեռախոսահամարի միջոցով իրեն ուղղված հարցերին։
«Համոզված եմ, որ ապրիլի 9-ից հետո ձևավորվելիք կառավարությունն իր վիճակի կլինի իրականացնել լուրջ բարեփոխումներ և ապահովել մեր զարգացման արագացումը։ Մենք մեր առջև ամբիցիոզ ծրագրեր ենք դրել», - նշել է Սարգսյանը։
Նա միաժամանակ նշել է, որ կառավարության գործունեության ծրագրում զգալի փոփոխություններ չեն լինի։
«Իմ գնահատմամբ, տասը ամսվա ընթացքում կառավարությունն ակտիվ է աշխատել։ Մենք 13,7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, կարողացել ենք 2008 թ.-ին գրեթե կրկնապատկել մեր բյուջեն, լուծել ենք սոցիալական խնդիրներ և այս ուղղությամբ կաշխատենք նաև հետագայում», - ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա, վարչապետի խոսքերով, դրանք անկասկած կլինեն, սակայն ինքնանպատակ չեն կարող լինել։
Կառավարության ղեկավարը չի համաձայնել նաև այն պնդման հետ, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տարվել է «ամոթալի կադրային քաղաքականություն»։
«Շատ դեպքերում նշանակումները եղել են պարտադրված, և ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք ավելի լավ թե ավելի վատ վիճակում կլինեինք մենք առանց այդ նշանակումների», - նշել է վարչապետը։ Ամեն դեպքում, Սարգսյանի խոսքերով, ինքը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի նշանակված պաշտոնյաները վատ հեղինակություն չունենան հասարակության մեջ։-0-

