Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. փորձագետ

13.03.2008, 15:28
Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը նա վաղուց իրականացրել է, հինգշաբթի հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

«Այսօր շատ ընդդիմախոսներ չեն ճանաչում Ղարաբաղը՝ հեգնանքով նշելով, որ անգամ Հայաստանն ինքը չի ճանաչում այդ երկիրը։ Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ-ն, ես վստահ եմ, որ դրան կողմանկիցներ անպայման կգտնվեն»,- ասաց Մելիքյանը՝ «Կոսովոյի նախադեպը. Կիրառելի՞ է այն Արցախի դեպքում» սեմինարի ժամանակ։

Նրա խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո պետք է անցնել Արցախի սահմանների հստակեցման բանակցություններին։

«Մեր հիմնախնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ էր անցնել տարածքային առևտրի։ Սակայն մենք չենք կարող Ադրբեջանին հանձնել ինչ-որ տարածքներ, որոնք օրենքով պատկանում են Ղարաբաղին»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, ԼՂՀ-ի առջև չի կարող դրվել տարածքային առևտրի խնդիրը՝ հաշվի առնելով Ադրբեջանից 500 հազար հայ փախստականների առկայությունը։

«Այդ մարդիկ պետք է ապրեն այն տարածքում, որը գտնվում է ԼՂՀ իրավական հսկողության ներքո։ Ղարաբաղը պետք է նրանց քաղաքացիություն տրամադրի, այդպիսով նրանք՝ որպես քաղաքացիներ, կապված կլինեն հանրապետության հետ, իսկ հողը՝ որպես սեփականություն, կապված կլինի մարդկանց հետ»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, միջազգային իրավունքի առումով՝ Կոսովոն Հայաստանին հնարավորություն կտա հիմնավորել իր քայլերը։

 «Այսպիոսվ մենք մեր կողմից այս հարցը կփակենք իրավական տեսանկյունից։ Թող մյուսները մտածեն, թե ինչ անեն։ Ի վերջո, արդեն 20 տարի մենք չենք կարողանում մեզ համար որոշել՝ Ղարաբաղը անկախ պետություն է, թե Հայաստանի մասը»,- ընդգծեց Մելիքյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-