Ղարաբաղի ինքնորոշումը նախադեպ է Կոսովոյի համար. հայ պատգամավոր

13.03.2008, 15:01
Ղարաբաղի ինքնորոշումը նախադեպ է Կոսովոյի համար. հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նախադեպ է Կոսովոյի և նման այլ հակամարտությունների համար, հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Ոչ թե Կոսովոն է Ղարաբաղի համար նախադեպ, այլ հակառակը, ԼՂՀ-ի՝ դե-ֆակտո և դե-յուրե անկախություն ստանալու գործընթացը նախադեպ է Կոսովոյի համար», - ասաց Սաֆարյանը հինգշաբթի՝ «Կոսովոյի նախադեպ. Կիրառելի՞ է այն Արցախի նկատմամբ» սեմինարի ժամանակ։

Պատգամավորի խոսքերով, այդ տեսակետից Հայաստանը հակասություններ չունի ռազմավարական գործընկերների կամ որևէ մեկի հետ։

«Որպես բարդ հակամարտություն և անդառնալի ապագաղութացման օրինակ՝ ԼՂՀ-ն կարող է նախադեպ լինել բոլոր նման դեպքերի համար», - ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը սխալ է գործում՝ բաց թողնելով «երկրի ինքնորոշման գործընթացը»։

«Մենք ոչ միայն չենք օգտվում Կոսովոյում տեղի ունեցող գործընթացից, այլև հայտարարում ենք, որ պետք է գնանք այլ ուղիով, քանի որ Կոսովոն նախադեպ չէ։ Թեև Կոսովոն նախադեպ չէ, սակայն ակնհայտ է մի բան, որ գոյություն ունեն անդառնալի որոշումներով հակամարտություններ, օրինակ, Կոսովոյի և Ղարաբաղի դեպքում», - ասաց պատգամավորը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-