ՀՀ նախագահը չեղյալ է համարել ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված ԱԴ շրջանակներում. նախագահի հրամանագիր

ՀՀ նախագահը չեղյալ է համարել ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված ԱԴ շրջանակներում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 14-ից:
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել` մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն՝ հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։
Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։
Հրամանագրի սկզբնական խմբագրությունը նախատեսում էր, որ պետական և ներքաղաքական հարցերի հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները իրագործվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։
Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտարարել է Երևանում արտակարագ դրության պայմանների մեղմացման հնարավորության մասին։
«Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ես կստորագրեմ հրամանագիր, որով կփոխվի մոտեցումը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման վերաբերյալ։ Այժմ արտակարգ դրության շրջանակներում մենք լրատվամիջոցներին ասում ենք, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինչ կարող են ներկայացնել: Հրամանագիրը ստորագրելուց հետո մենք ասելու ենք` ինչ չի կարելի անել»,- չորեքշաբթի հայտարարել էր նա լրագրողներին:
Նախագահի այսօրվա հրամանագրով նաև ուժը կորցրած է համարվում հրամանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, որտեղ ասվում է. «առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության արգելվում է քաղաքական քարոզչության իրականացումը՝ թռուցիկների կամ այլ միջոցով»։
2008 թ.-ի մարտի 1-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք) հրամանագիր է ստորագրել, ինչը կապված է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Այսօրվա դրությամբ պահպանվել է հրամանագրի այն դրույթը, որով արգելվում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է իրավապահ մարմինների կողմից անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում։
Մարտի 10-ին ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։-0-