ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել է ՄԱԿ-ին` օգնել մայրաքաղաքի անկարգությունների տեսանյութերը ուսումնասիրելու հարցում

12.03.2008, 19:29
ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել է ՄԱԿ-ին` օգնել մայրաքաղաքի անկարգությունների տեսանյութերը ուսումնասիրելու հարցում
ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել է ՄԱԿ-ին` օգնել մայրաքաղաքի անկարգությունների տեսանյութերը ուսումնասիրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՄԱԿ-ի փորձագետներին՝ խնդրելով նրանց օգնել, որպեսզի ուսումնասիրեն մարտի 1-2-ը մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների տեսագրությունները, որոնք տեղադրված են ինտերնետում, չորեքշաբթի լրագրողներին հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Հայկական ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

«Չորեքշաբթի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալի հետ և դիմել է նրան՝ խնդրելով օգնել զանգվածային անկարգություների՝  ինտերնետում տարածված տեսանյութերի փորձաքննություն կատարելու հարցում՝ ստուգելու համար տեսագրությունների իսկությունը»,- ասաց նա։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների փաստով, որոնք ուղղված էին իշխանությունը բռնի զավթելուն և սահմանադրական կարգի խախտմանը։

Մարտի 12-ի դրությամբ այս գործի շրջանակներում կալանավորվածների թիվը հասել է 90-ի, ևս վեցը ձերբակալվել են։

Երևանում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար հետախուզում է հայտարարվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Սասուն Միքայելյանի, ինչպես նաև «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։--0—