Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա. Սարգսյան
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա։ Այս մասին չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապեստ Սերժ Սարգսյանը։
«Կարծում եմ, որ մենք ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Սարգսյանը։
Դրանից բացի նա նշեց, որ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունները կարգավորման գործին օգուտ չբերեցին և, բնականաբար, սահմանափակեցին Հայաստանի նախագահի հնարավորությունները՝ անկախ նրանից, թե ով է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։
«Մեր վարկանիշին վնաս է հասցվել, սակայն դա որևէ կերպ չի ազդի բանակցային գործընթացի վրա։ Ավելին, մենք ավելի սկզբունքային դիրք կգրավենք և մեր շահերին հակառակ չենք գնա»,-ասաց Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը կջանա հասնել ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի։
«Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից՝ Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ միջազգային զարգացումները վկայում են այն մասին, որ «ժողովուրդները պետք է ապրեն այնտեղ, որտեղ ուզում են»։
«Նախագահի լիազորությունները ստանձնելուց 1-2 ամիս հետո բանակցային գործընթացի վերաբերյալ ես ավելի հստակ պատասխան կունենամ։ Առավել ևս, որ ես դեռ անձամբ չեմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, և հուսով եմ, որ մի քանի հանդիպումից կկարողանամ հասկանալ՝ պատրաստ է նա, արդյոք, գնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ասաց Սարգսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-