ՀՀ ԱԳՆ-ն ապշած է Երևանի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենի ներկայացուցչի հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ապշած է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի արած հայտարարությունից՝ կապված մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
«Անընդունելի է կառավարության արձագանքը անկարգություններին որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ և դաժան» որակելը։ Նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն և անօգուտ է»,- ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» ստացված՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանի հայտարարությունում։
Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որենց հետևանքով մահացավ ութ մարդ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամագրով մարտի 1-ից Երևանում 20-օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։
«Մենք ապշած ենք, որ անգամ Երևան կատարած այցից և տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել»,- նշեց Բալայանը:
Նրա խոսքով, այն փաստը, որ կա 108 վիրավորված ոստիկան, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով և պայթուցիկ նյութերով։
«Սա համընկնում է իրավապահ մարմիննների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, իրավապահ մարմինների գործողություններն ամենևին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չեն եղել: «Մարտի 1-ին տեղի ունեցած բռնություններն, իրոք, լրջագույն մտահոգություն են մեզ բոլորիս համար Հայաստանում, այդ թվում և առաջին հերթին` կառավարության համար, որը պատասխանատվություն է կրում երկրում կարգուկանոնի և անվտանգության պահպանման համար»,- ասաց Բալայանը։
Նրա խոսքով, կառավարությունը, զսպվածություն դրսևորելով, փորձում էր պահպանել կարգուկանոնը, սակայն, ինչպես նախապես զգուշացնում էին իրավապահ մարմիննները, այն վերածվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախման։
«Այն պարագայում, երբ կա ութ զոհ, որոնցից մեկը ոստիկան է, և տասնյակ վիրավորներ, որոնցից շատերը իրավապահ մարմիններից են, կասկած չի կարող լինել, որ սա լուրջ և իրավամբ դատապարտելի բռնարարք էր, ինչպես ինքը՝ պրն. Բրազյան է նշում»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։
Բալայանն ընդգծեց, որ այսօր՝ այդ ահավոր օրվանից 10 օր անց, Հայաստանի առջև կանգնած հիմնական խնդիրն ամբողջությամբ քննել և հասկանալն է, թե ինչ տեղի ունեցավ, և միասին առաջ գնալու ուղիներ փնտրելն է:
Բալայանի խոսքով, միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու հասարակության հիմքերին հասցված վնասի համար և փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ:
«Թյուր տեղեկացվածության հիման վրա արված հայտարարությունները կարող են և արդեն իսկ նպաստում են քաղաքական լարվածության սրմանը»,- ընդգծեց ԱԳՆ ներկայացուցիչը։--0—

