Ուզբեկստանի նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի հետ կամրապնդվի
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի հետ կամրապնդվի ու կզարգանա։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի՝ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով հղված ուղերձում։
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված հայ-ուզբեկական հարերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել` ի շահ երկու երկրների»,-ասված է հեռագրում։
Քարիմովը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործում, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ Համաձայն ԿԸՀ հրապարակած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների, Հայաստանի նախագահ է դարձել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։-0-

