Ղարաբաղի նախագահը Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂՀ և Ադրբեջանի սահմանի լարված իրավիճակը

10.03.2008, 12:42
Ղարաբաղի նախագահը Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂՀ և Ադրբեջանի սահմանի  լարված իրավիճակը
Ղարաբաղի նախագահը Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂՀ և Ադրբեջանի սահմանի  լարված իրավիճակը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր են քննարկվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հանդիպման ժամանակ։

Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։

Ղարաբաղի ԱԳՆ-ն պնդել է, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում անցկացնի, որը ծրագրված էր անցկացնել մարտի 7-ին, սակայն դիտարկումը հետաձգվել է՝ ադրբեջանական կողմի մեղքով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սահակյանն ու Կասպրշիկն ընդգծել են զինադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին:

ԼՂՀ նախագահը մեկ անգամ ևս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը և նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։

Նույն օրը դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:-0-