Հայ կանանց անհրաժեշտ են մարտի 8-ի նման տոներ. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովրդին անհրաժեշտ են որքան հնարավոր է շատ տոներ`մարտի 8-ի նման, կարծում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։
«Մեր ժողովրդին ուղղակի անհրաժեշտ են ավելի շատ ուրախ օրեր և տոներ, քանի որ, ցավոք, մենք չափազանց շատ նշում եք սգո օրերը։ Մենք, իսկապես, նման տոների կարիքն ունենք», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հայաստանի անկախության առաջին տարիներին մարտի 8-ի փոխարեն պաշտոնապես նշվում էր մայրության և գեղեցկության տոնը Ավետման օրը՝ ապրիլի 7-ին։
Սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պահանջով՝ ժամանակի ընթացքում տոնը վերականգնվեց, և մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ոչ պաշտոնապես նշվում է, այսպես կոչված, «Կանանց մեծարման միամսյակը»։
Ասատրյանը համոզված է, որ Հայաստանում գրեթե բոլոր մարդիկ նշում են այդ հիանալի տոնը, հատկապես երիտասարդությունը։ «Կարծում եմ, որ մնացած քաղաքացիները տոնում են մարտի 8-ը ընտանիքում», - ասաց նա։
Միաժամանակ Ասատրյանը ընդգծեց, որ կանանց պաշտպանությունը Ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակն է, և «այս միամսյակը միայն թույլ կտա հասարակության ուշադրությունը հրավիրել թույլ սեռի ներկայացուցիչների խնդիրների վրա» ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մարզերում։
Ասատրյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է իր կնոջ համար տոնի վերածի ոչ միայն այդ օրը կամ մեկ ամիսը, այլ ամեն օրը։
«Ես կարծում եմ, որ տղամարդու սերը կնոջ նկատմամբ դրսևորվում է ոչ թե նրանով, թե ինչ է նա նվիրում այդ օրը, այլ նրա վերաբերմունքով։ Այնքան կարևոր չէ, թե ինչ է նվիրում տղամարդը իր կնոջը, որքան կարևոր է, թե ինչպես է նա դա անում», - ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում նվերներ ստանալը միշտ հաճելի է։
Նրա խոսքերով, հաճախ տղամարդիկ կանանց նվիրում են ծաղիկներ, այսօր դա ամենատարածված նվերն է։ «Այնուամենայնիվ, գլխավորը՝ որ այդ նվերը մատուցվի սիրով», - նշեց նա։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր կանանց, ինչպես նաև հանրապետության սահմաններից դուրս գտնվող բոլոր հայ կանանց մարտի 8-ը։ Ցանկանում եմ նրանց իսկական կանացի երջանկություն և գլխավերևում անամպ երկինք», - ասաց նա։-0-

