Հայաստանի բազմաբնակարան շենքերում գազի ազդանշանային սարքեր կհայտնվեն
գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում մինչև 2008 թվականը ծրագրվում է տեղադրել վառվող գազի ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ, հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանը։
«Շմոլ գազի և մեթանի արտահոսքի վերահսկման նոր համակարգը հնարավորություն կտա մշտական հսկողության տակ պահել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման անվտանգությունը»,-հայտնեց նա ուրբաթ լրագրողներին։
Նրա խոսքերով, ազդանշանային սարքերի տեղադրումը ծրագրվում է սկսել սույն թվականի մայիսից և ավարտել մինչև 2009 թ.՝ ներդնելով 4,1 միլիարդ դրամ՝ մոտ 13,3 միլիոն ԱՄՆ դոլար։
Ընկերության գլխավոր ինժեները հայտնեց, որ ՀայՌուսգազարդն արդեն դիմել է նման համակարգեր արտադրող ընկերություններին՝ նրանց մոտ եղած ազդանշանային սարքերը թեստավորելու համար, որից հետո նախատեսվում է սարքավորումների գնման մրցույթ հայտարարել։
Հայաստանի հասարակական ծառայությունների հանձնաժողովի նախնական գնահատականներով, գազի ազդանշանային սարքի ամենացածր արժեքը 28 հազար դրամ է (առանց ԱԱՀ-ի)։ Ծրագրվում է, որ բնակչությունը տեղադրված ազդանշանային սարքերի համար կվճարի 10-15 տարվա ընթացքում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

