ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պետդեպարտամենտ

07.03.2008, 15:30
ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը, հայտնել է ուրբաթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հանրահավաքներ է կազմակերպում։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։

«Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը՝ ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից:

Բրայզան կարևորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսևորումը  և լարվածության հնարավորինս արագ թուլացումը:

Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման գործում՝ Քոչարյանն իր հերթին ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից:

«Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները և գործընթացները վերադարձնել իրենց բնականոն հուն»,-ասել է Քոչարյանը:

Զրուցակիցները քննարկել են նաև այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր:-0-